Դդումով և լոլիկով կրեմ ապուր

Անի Նալբանդյան · փետրվար 28 2020
Դիտումներ 3862

Մեծ Պահքի ընթացքում չպետք է մոռանալ նաև ապուրների մասին: Ապուրները օգնում են կարգավորել մարսողությունը: Դդումով ապուրը ամենալավ տարբերակն է առողջ սնվելու համար:

Բաղադրությունը`

  • 350 գրամ դդում
  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ կարմիր պղպեղ
  • 1 հատ կարտոֆիլ
  • 1 հատ կարմիր սոխ
  • 1 ատամիկ սխտոր
  • 1/4 թ/գ կարրի
  • 2 ճ/գ ձեթ
  • կարմիր պղպեղ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կաթսայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել կտրատած սոխն ու սխտորը, մի փոքր աղ անել ու ավելացնել կարրին: Տապակել մինչև սոխի թափանցիկ դառնալը:
2.Դդումը և կարտոֆիլը կտրատել խորանարդաձև: Կարտոֆիլը ավելի մանր խորանարդիկներով կտրատել, որպեսզի դդումի հետ հասցնեն միաժամանակ եփվել: Կտրատած բանջարեղենը ավելացնել թափանցիկ դարձած սոխի վրա և տապակել 15 րոպե:
3.Ապա ավելացնել կտրատած լոլիկը և կարմիր պղպեղը: Շարունակել տապակել ևս 5-7 րոպե, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, խառնել, որ համեմունքները հավասարաչափ տարածվեն, ու ավելացնել եռացրած ջուր այնքան, որ բանջարեղենը ծածկի: Եփել ևս 15-20 րոպե:
4.Պատրաստի ապուրը հարել մինչև համասեռ զանգված ստանալը: Մատուցել դդմի սերմերով և սև հացով:
Բարի ախորժակ

աղցաններ