Կարմիր բրնձով փլավ

Անի Նալբանդյան · մարտ 13 2021
Դիտումներ 3640

Կարմիր բրինձը առողջ և համեղ մթերք է, որի կարիքը շատ կա մեր խոհանոցներում։ Ի տարբերություն սովորական բրնձի, այն չի ենթարկվում հավելյալ մշակման և պահպանում է բոլոր օգտակար հատկությունները։ Այս ամենի շնորհիվ էլ կարողանում է մեր մարմինը սնուցել և մաքրել։

Բաղադրություն

  • 1 բաժակ կարմիր բրինձ
  • 50 գրամ սիսեռ
  • 1 հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 հատ սխտոր
  • 10 ճյուղ սամիթ
  • 0,5 թ/գ զիրա
  • 3 հատ չիլի պղպեղ (ըստ ցանկության)
  • Զեյթունի ձեթ
  • Աղ

Պատրաստման եղանակը

1․Սիսեռը նախապես թրջել փլավը եփելուց առնվազն 12 ժամ առաջ։ Կարմիր բրինձը թրջել սառը ջրով 30 րոպե, ապա լավ լվանալ հոսող ջրի տակ։

2․Գլուխ սոխը մանր կտրատել, լցնել թավայի մեջ, վրան ավելացնել ձիթապտղի ձեթը, մի փոքր աղ անել և շոգեխաշել մինչև սոխի թափանցիկ դառնալը։ Ավելացնել չիլի պղպեղը և զիրան, շարունակել եփել 3 րոպե, որպեսզի համեմունքները հասցնեն բացվել։

3․Ավելացնել նախապես թրջած սիսեռը, ձեթի մեջ շոգեխաշել մոտ 5-7 րոպե, ապա ավելացնել քերիչով անցկացրած գազարը, տապակել 2-3 րոպե։ Ինչից հետո ավելացնել բրինձը, խառնել 3-4 րոպե։ Սխտորի ամբողջական գլուխը երկու մասի բաժանել, դնել բրնձի վրա, ապա ավելացնել 2,5 բաժակ եռացրած ջուր, համեմել աղով և մարմանդ կրակի վրա եփել 30-40 րոպե։ Պատրաստի փլավը զարդարել մանր կտրատած թարմ սամիթով։

Բարի Ախորժակ