Ղազան խորոված

Անի Նալբանդյան · մայիս 2 2015
Դիտումներ 13798

Հայկական խոհանոցը առանձնանում է կրակի վրա պատրաստած խորովածով։ Սովորաբար խորոված պատրաստելը և գովեստի խոսքեր լսելը բաժին է ընկնում տղամարդկանց։ Այսօր Ձեզ հետ կկիսվեմ կաթսայի մեջ պատրաստվող խորովածի բաղադրատոմսով։ Այս ուտեստը պատրաստելը սովորել եմ մորեղբորիցս։ Ու չնայած սկզբնաղբյուրում միևնույն է տղամարդ է կանգնած, կանանց մոտ ևս հրաշալի կստացվի իրենց խոհանոցում խորոված պատրաստել։

Բաղադրությունը`

  • 1-1,5 կգ այծի միս
  • 200-250 գրամ գարեջուր
  • 3-4 ճ/գ լեչո
  • 50 գրամ կարագ
  • 2 հատ գլուխ սոխ
  • կանաչիներ ըստ ցանկության
  • կարմիր և սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Միսը բաժանել միջին չափի կտորների և մարինացնել աղով, սև և կարմիր պղպեղներով, երկարությամբ կտրատած սոխով և կանաչիներով։ Թողնել առնվազն 2 ժամ, իսկ ժամանակ ունենալու դեպքում կարելի է ամբողջ գիշեր թողնել սառնարանում։
2.Պատրաստի միսը շարել փայտիկների վրա և դասավորել կաթսայի մեջ խաչաձև այնպես, որ մեջտեղի հատվածը բաց մնա։ Ամեն շերտի վրա լեչո լցնել, իսկ ամռանը լեչոն կարելի է փոխարինել թարմ լոլիկով և պղպեղով։
3.Գարեջուրը ավելացնել այնքան, որ առաջին երկու շարքը միայն ծածկվի։ Ցանկության դեպքում կարելի է գարեջուրը բացել ջրով 1։1 հարաբերությամբ։ Վերջում ավելացնել կարագը։ Կափարիչը փաթաթել սրբիչով, փակել կաթսայի բերանը և մարմանդ կրակի վրա եփել մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ

կարագայծի միսհայկական խոհանոցգլուխ սոխլեչո