Խնձորով վարսակի փաթիլներ
Անի Նալբանդյան · մարտ 10 2016Նախաճաշը օրվա սննդակարգի կարևոր մասն է, բայց շատ հաճախ մենք այն բաց ենք թողնում առավոտյան շատ քիչ ժամանակ ունենալու պատճառով։ Առաջարկում եմ նախաճաշ, որը կարող ենք պատրաստել երեկոյան, իսկ առավոտյան մնում է միայն վայելել համեղ և առողջարար նախաճաշը։
Բաղադրությունը`
- 2 հատ մեծ խնձոր
- 1 ճ/գ շաքարավազ
- 3 ճ/գ ջուր
- 4 ճ/գ վարսակի փաթիլներ
- 2 ճ/գ հաղարջի մուրաբա
- 4-5 հատիկ ընկույզ
- դարչին
Պատրաստման եղանակը`
1․Խնձորը լվանալ, մաքրել և կտրատել։ Լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել շաքարավազը և ջուրը։ Եփել 15 րոպե, ապա խնձորից պյուրե պատրաստել։
2․ Տաք պյուրեի մեջ լցնել վարսակի փաթիլները, ավելացնել դանակի ծայրով դարչինը, մանրացրած ընկույզը և մուրաբան։ Բոլորը միասին խառնել, լցնել փոքրիկ ապակյա տարայի մեջ և ամբողջ գիշեր թողնել սառնարանում։ Մատուցել առավոտյան նախաճաշին։
Բարի ախորժակ
Հուշում`
Այս բաղադրատոմսի մեջ հիմնական մասը կարելի է համարել խնձորի պյուրեի մեջ <<եփվող>> վարսակի փաթիլները։ Մյուս բաղադրիչները կարելի է փոխել կախված սառնարանի պարունակության։ Կարող եք ավելացնել ձեր սիրելի մուրաբան կամ ջեմը, մեղր, չամիչ, ցանկացած տեսակի ընդեղեն, չրեր և այլն։ Պատրաստեք ամեն անգամ նոր բաղադրիչներով և թույլ տվեք, որ Ձեր առավոտները տարբերվեն։