Դդումով չրթմա
Անի Նալբանդյան · ապրիլ 29 2020Թվում է փլավների բաղադրատոմսերը քիչ են ու ձանձրալի։ Ես ամեն անգամ փորձում եմ կոտրել այս կարծրատիպը՝ նոր ու համեղ մտքեր առաջարկելով։ Փորձեք անպայման, Դուք էլ Ձեր ձեռագիրը թողեք այս բաղադրատոմսի մեջ։
Բաղադրությունը`
- 1 բաժակ բլղուր
 - 200 գրամ դդում
 - 250 գրամ եղինջ
 - 1 հատ գլուխ սոխ
 - 1 ատամիկ սխտոր
 - 5 ճյուղ մաղադանոս
 - ձեթ
 - աղ
 
Պատրաստման եղանակը`
1․Բլղուրի վրա եռացրած ջուր լցնել այնքան, որ բլղուրը ծածկի։ Թողնել 30 րոպե, մինչև որ բլղուրը փափկի։։
2․Թավայի մեջ լցնել ձեթը և մանր կտրատած սոխը։ Սոխի վրա մի փոքր աղ անել և ձեթի մեջ շոգեխաշել մինչև թափանցիկ դառնալը։
3․Դդումը կտրատել խորանարդաձև և ավելացնել շոգեխաշված սոխի վրա։ Եփել 15 րոպե, ապա ավելացնել լվացրած եղինջը։ Եփել ևս 2 րոպե, ավելացնել մանր կտրատած սխտորը։
4․Թավայի մեջ շոգեխաշվող բանջարեղենի վրա ավելացնել բլղուրը, թողնել կրակի վրա ևս 2-3 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած մաղադանոսը, խառնել և անջատել կրակը։ Համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Բարի ախորժակ



