Այծի միսը գինով եփված
Անի Նալբանդյան · նոյեմբեր 16 2015Երբ ունես մի քանի սիրելի ճաշատեսակներ ու չգիտես որ մեկը պատրաստել, կարող ես միավորել մեկում ու վայելել արդյունքը: Գինու մեջ եփված այծի միսը մի քանի բաղադրատոմսերի միքս է, որը շատ համեղ է ստացվում:
Բաղադրությունը`
- 800-1000 գրամ այծի միս
- 1 բաժակ կարմիր գինի
- 3 հատ լոլիկ
- 2-3 հատ կարտոֆիլ
- 2 հատ գլուխ սոխ
- չորացրած խառը կանաչի
- 1 ճ/գ ալյուր
- ձեթ
- աղ
- սև և կարմիր պղպեղ
- չորացրած կանաչիներ (համեմ,մաղադանոս,)
Պատրաստման եղանակը`
1.Այծի միսը կտրատել, լվանալ, լցնել խորը ամանի մեջ, վրան ավելացնել կիսալուսնաձև կտրատած 1 հատ գլուխ սոխ, մանրացնել չորացրած խառը կանաչին, համեմել աղով, սև և կարմիր պղպեղով: Միսը լավ խառնել այնպես, որ բոլոր կողմերից պատվի համեմունքներով:Պահել սառնարում ամենքաիչը 4 ժամ, որպեսզի միսը լավ մարինացվի:
2.Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և տապակել արդեն մարինացված մսի կտորները: Գազօջախի կրակը ուժեղ անել, որ միսը միանգամից կեղևապատվի և հյութալի մնա: Երբ բոլոր կողմերից մսի կտորները կարմրեն, տեղափոխել կաթսայի մեջ, իսկ թավայի մեջ նույն ձեթով տապակել կիսալուսնաձև կտրատած մյուս գլուխ սոխը: Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկը: Տապակել 10-15 րոպե:Ավելացնել կաթսայում շարված մսի վրա:
3.Նույն թավայի մեջ լցնել գինին և դնել կրակին, հասցնել եռման: Ընցաքում գդալով խառնել, որ թավայի պատերին կպած համեունքները և կանաչիները լուծվեն գինու մեջ: Երբ գինին սկսի եռալ և ալկոհոլը գոլորշանա, ավելացնել կաթսայի մեջ եղած մթերքին:Ավելացնել նաև 2 բաժակ տաք ջուր և մարմանդ կրակի վրա եփել 40 րոպե:
4. 40 րոպե հետո ավելացնել միջին չափի խորանարդիկներով կտրատած կարտոֆիլը: Կարտոֆիլի պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ալյուրը կես բաճակ ջրով բացել և քիչ-քիչ լցնել ճաշի մեջ: Վերջում ավելացնել աղ և ցանկության դեպքում մանր կտրատած թարմ կանաչի (մաղադանոս,համեմ):Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ