Կարմիր սպաս

Անի Նալբանդյան · հունվար 20 2021
Դիտումներ 4337

Սպասը իմ ամենասիրելի ապուրներից է, բայց սկսել եմ պատրաստել միայն վերջին մեկ տարին։ Մինչ այդ սպաս պատրաստելու մենաշնորհը մայրիկինն էր։ Բայց դե ես ես չէի լինի, եթե չսկսեի բզբզալ ու նոր համ ստանալ։ Այդ դեպքում նաև գունային նոր երանգներ։ Պատրաստեք այս անչափ համեղ ու առողջ ապուրը, նոր կյանք տվեք սպասին Ձեր խոհանոցում։ Հ․Գ․ Բաղադրատոմսի ստեղծման մուսայի գլխավոր հովանավորն է Մելինեի Պարտեզը :)

Բաղադրություն

  • 50 գրամ կարմիր սագախոտ (քինոա)
  • 1 կապ կարմիր բազուկի տերևներ
  • 2 ճ/գ զեյթունի ձեթ
  • 0,5 հատ կարմիր սոխ
  • 1 կգ մածուն
  • 1 լ տաք ջուր
  • 1 հատ ձու
  • համեմ
  • աղ

Պատրաստման եղանակը

Սագախոտը լավ լվանում ենք հոսող սառը ջրի տակ մոտ 30-40 վայրկյան, որպեսզի դառնությունը գնա։ Լվացած սագախոտի վրա ավելացնում եք ջուր 1։2 հարաբերակցությամբ և խաշում ենք մինչև պատրաստ լինելը։

Մածունը և ձուն միասին հարում ենք այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված։ Մածնային զանգվածը տեղափոխում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք տաք ջուրը և դնում գազօջախին: Փայտե գդալով անընդհատ խառնում ենք այնքան ժամանակ, մինչև որ սկսի եռ գալ։

Եփ գալուց անմիջապես հետո ավելացնում ենք խաշած քինոան և միասին եփում ևս 5 րոպե։

Բազուկի տերևները նախապես լավ լվանում ենք, առանձնացնում ենք ցողունները, կտրատում ենք 3-4 սմ երկարությամբ։ Ավելացնում ենք ապուրի մեջ քինոան ավելացնելուց հետո։

Կարմիր սոխը մանր կտրատում ենք, լցնում ենք զեյթունի ձեթի մեջ, մի փոքր աղ ենք ավելացնում և շոգեխաշում։ Ավեացնում ենք ապուրի մեջ, եփում ևս 2-3 րոպե և կրակը անջատում։

Անջատելուց հետո ավելացնում ենք մանր կտրատած համեմը, առանց կափարիչը փակելու թողնում ենք 10-15 րոպե և մատուցում։ Աղը ավելացնել մատուցելիս։

Բարի ախորժակ


ձուապուրներմածունբազուկի տերևկարմիր քինոակարմիր սոխ