Հոնով սոուս մսի և ձկան համար
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 11 2015Վրացական խոհանոցը հայտնի է իր հատապտղային թթու սոուսներով: Գրեթե նույն բաղադրիչներով կարելի է պատրաստել տարբեր տեսակի սոուսներ՝ փոխելով միայն հատապտուղը: Այսօր կպատրաստենք հոնով սոուս: Այն ավելի քիչ տարածում ունի, քան տխեմալին, բայց համային որակներով չի զիջում վերջինիս: Հատապտղային սոուսները մատուցվում են մսի և ձկան հետ:
Բաղադրությունը`
- 0.5 կգ հոն
- 1/4 կապ համեմ
- 1/4 կապ սամիթ
- 1-3 հատ կծու պղպեղ
- 1 ճ/գ համեմի սերմ
- 0.5 ճ/գ չորացրած անանուխ
- 3-5 պճեղ սխտոր
- 1 ճ/գ քացախ
- 1 ճ/գ զեյթունի ձեթ
- 1 թ/գ սունելի
- աղ
- շաքարավազ
Պատրաստման եղանակը`
1.Սոուսի համար պետք է ընտրել հասած հոն:Հեռացնել տերևները, ճուղերը: Լվանալ սառը ջրով, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել ջուր այնքան, որ թեթևակի ծածկի հոնը: Եփել շատ մարմանդ կրակի վրա 15-20 րոպե: Կրակը անջատել, թողնել հովանա, ապա անցկացնել մաղով:
2.Մնացած բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, ավելացնել մաղով անցկացրած հոնը և նորից դնել կրակին: Մարմանդ կրակի վրա եփել ևս 15 րոպե: Հովանալուց հետո պահել սառնարանում: Մատուցել մսեղենի և ձկան հետ:
Բարի ախորժակ