Սոբա
Անի Նալբանդյան · փետրվար 5 2017Հնդկաձավարի ալյուրով պատրաստվող լապշաները մեծ տարածում ունեն ճապոնական խոհանոցում։ Հնդկաձավարի ալյուրը չունի բավականաչափ կպչողականություն, դրա համար լապշաների պատրաստման ընթացքում օգտագործում են նաև ցորենի ալյուր։ Սոբա լապշան շատ համեղ է և օգտակար, իսկ պատրաստելը դժվար չի։ Դե ուրեմն անցնենք գործի։
Բաղադրությունը`
- 150 գրամ հնդկաձավարի ալյուր
- 150 գրամ ալյուր
- 150 մլ ջուր
- 1 հատ ձու
- 1 պտղունց աղ
- 2 ատամիկ սխտոր
- 1 հատ չիլի պղպեղ
- 60 մլ սոյայի սոուս
- 3 ճ/գ քունջութ
- 1 ճ/գ լիմոնի հյութ
- 1 թ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը`
1․Ամանի մեջ լցնել երկու տեսակի ալյուրները, ավելացնել ձուն և սկսել խառնել։ Ապա ավելացնել ջուրը և խմոր հունցել։ Ստացված խմորը բաժանել երկու գնդի։ Գնդերը բացել 1 մմ հաստությամբ շերտով։ Յուրաքանյուր շերտից կտրատել 3 հատ 10 սմ լայնությամբ ուղղանկյուններ։ Ուղղանկյուններից ձևավորել գլանակներ և բարակ կտրատել։ Ամբողջ ընթացքում ձեռքերը և խմորը ալյուրոտել, որպեսզի խմորը չկպնի ձեռքերին։ Ստացված լապշաները թողնել 5 րոպե, որ չորանա։
2․Կաթսայի մեջ եռացնել 3 լ ջուր, ավելացնել աղ և 1ճ/գ ձեթ։ Լապշան լցնել մեջը եփվելու։ Երբ լապշաները բարձրանան ջրի երես, պատրաստ են։
3․Սոուսի համար ձեթի մեջ տապակել մանր կտրատած սխտորը և չիլի պղպեղը, ավելացնել սոյայի սոուսը, շաքարավազը, լիմոնի հյութը։ Եփել 2-3 րոպե։
4․Պատրաստի լապշան քամել, ավելացնել սոուսի մեջ և խառնել։ Մատուցելիս վրան շաղ տալ բոված քունջութ։
Բարի ախորժակ
Հուշում`
1.Հնդկաձավարի ալյուր կարելի է պատրաստել տան պայմաններում։ Հարկավոր է հնդկաձավարը լվանալ, չորացնել, ապա մանրացնել բլենդերի համապատասխան գլխիկով։ Ստացված ալյուրը անցկացնել մաղով և հեռացնել մնացորդը։