Դդմիկով կոտլետ
Անի Նալբանդյան · հունիս 4 2015Դիտումներ 60237
Ամառային սննդակարգի անբաժան մասն է կազմում դդմիկը։ Այս բանջարեղենը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև շատ մատչելի։ Դդմիկով պատրաստվող ճաշատեսակներից թերևս ամենահայտնին դդմիկով կոտլետներն են։ Այն պատրաստելը այնքան էլ դժվար չէ։ Անցենք գործի։
Բաղադրությունը
- 1 կգ դդմիկ
- 1 հատ գազար
- 1 հատ կարտոֆիլ
- 2-3 պճեղ սխտոր
- 1 կապ սամիթ
- 2 հատ ձու
- 2 ճ/գ ալյուր
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Դդմիկները լվանալ, կլպել և անցկացնել քերիչով եթե դդմիկները մատղաշ են, կարող եք չկլպել։ Վրան աղ լցնել և թողնել 10-15 րոպե, որպեսզի ջուրը առանձնանա։ Դդմիկից առաջացած ջուրը քամիչով քամել։
- Դդմիկի վրա ավելացնել քերած գազարը, կարտոֆիլը, ճզմած սխտորները, կտրատած սամիթը, համեմել պղպեղով։ Ավելացնել նաև հատ հարած ձվերը և ալյուրը։ Բոլորը միասին լավ խառնել։
- Թավայի մեջ լցնել ձեթ և տաքացնել։ Ճաշի գդալով վերցնել խճողակից, ձևավորել կոտլետներ և երկու կողմից տապակել տաքացած ձեթի մեջ։
Բարի ախորժակ
Հուշում
Կարող եք նաև ավելացնել կանաչ սոխ, համեմ կամ մաղադանոս։