Հավի միս «Բան-Բան»
Անի Նալբանդյան · ապրիլ 29 2015Սիչուանական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է։ Այլ կերպ նաև անվանում են ծեծած հավի միս։ Բան֊Բան անունը առաջացել է հավի միսը ծեծելուց առաջացած ձայնից։ Չինական խոհանոցի սիրահարները հաստատ կհավանեն հավի մսի մշակման այս տարբերակը։ Իսկ ովքեր առաջին անգամ են փորձելու միանգամաից կսիրահարվեն այս անչափ հետաքրքիր և համեղ խոհանոցին։
Բաղադրությունը`
- 2 հատ հավի բուդ
- 0.5 հատ սոխ
- 1 հատ կոճապղպեղ
- 100 գրամ կախասունկ
- 1 հատ վարունգ
- ձեթ
- աղ, սև պղպեղ
- 100 գրամ քունջութ
- 1 ճ/գ շաքարավազ
- 2ճ/գ ձեթ
- 2 ճ/գ սոյայի սոուս
- 1 ճ/գ լիմոնի հյութ կամ խնձորի քացախ
- ջուր
- չիլի պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Սոխը և կոճապղպեղը մաքրել, բաժանել խոշոր կտորների և ավելացնել սառը ջրով կաթսայի մեջ: Նույն կաթսայի մեջ ավելացնել հավի բդիկները: Բդիկները դանակի ծայրով ծակել, որպեսզի արգանակը հեշտությամբ ներթափանցի մսի մեջ: Եփել մինչև հավի միսը պատրաստ լինի: Միսը ջրից հանել, փաթաթել սննդային թաղանթի մեջ և գրտնակով ծեծել այնպես, որ միսը ոսկորից անջատվի: Անջատված մսի կտորները թել-թել անել:
2.Սունկը լվանալ, կտրատել երկարությամբ և տապակել ձեթի մեջ: Տապակելու ընթացքում համեմել աղով և պղպեղով:
3.Վարունգը լվանալ և բարակ կտրատել:
4.Սոուսի համար նախատեսված քունջութը բովել մինչև որ ստանա բաց դարչնագույն երանգ։ Բոված քունջութը և չիլի պղպեղը մանրացնել բլենդերով, հետո քիչ֊-քիչ ավելացնել ձեթը և շարունակել հարել։ Այնուհետև ավելացնել շաքարավազը, լիմոնի հյութը և սոյայի սոուսը ու նորից հարել։ Սոուսը պետք է լինի ոչ յուղային թթվասերի պնդության։ Դրա համար քիչ-քիչ ավելացնել տաք ջուր և հետևել սոուսի խտությանը։
4.Երբ բոլոր բաղադրիչները առանձին-առանձին պատրաստ լինեն, մատուցվող ափսեների մեջ <հավաքել> ուտեստը։ Ափսեի վրա շարել կտրատած վարունգը, վրան լցնել հավի մսի և սնկի խառնուրդը, ցողել սոուսով, զարդարել վարունգով, քունջութով կամ չիլի պղպեղով։
Բարի ախորժակ