Ֆալաֆել բազուկի տերևներով

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 17 2015
Դիտումներ 8327

Ֆալաֆելը շատ հայտնի ուտելիք է Իսրայելում, Լիբանանում, Հունաստանում, Եգիպտոսում և այլուր: Բազուկի տերևներով ֆալաֆելը ավելի քիչ հայտնի տարբերակ է, բայց այն ևս շատ համեղ է ու օգտակար:

Բաղադրությունը`

  • Ֆալաֆելի համար`
    • 1 բաժակ սիսեռ
    • 2 կապ բազուկի տերև (միայն տերևները)
    • 50 գրամ պաքսիմատ
    • 1 հատ գլուխ սոխ
    • 1 հատ ձու
    • 1 ճ/գ թահին
    • 1 թ/գ քիմիոն
    • ձեթ
    • աղ
  • Սոուսի համար`
    • 150 գրամ թթվասեր
    • 1 թ/գ թահին
    • 1 պճեղ սխտոր

Պատրաստման եղանակը`


1.Սիսեռը թրջել սառը ջրով և թողնել այդպես ամբողջ գիշեր: Առավոտյան այն կկրկնապատկվի չափերով և ավելի փափուկ կլինի:
2.Բազուկի տերևները լվանալ և մանր կտրատել:
3.Սոխը կտրատել խորանարդաձև, տապակել ձեթի մեջ մինչև թափանցիկ դառնալը: Ավելացնել քիմիոնը և շարունակել տապակել ևս 2-3 րոպե:
4.Խոհանոցային կոմբայնի կամ բլենդերի մեջ ավելացնել սիսեռը, բազուկի տերևները, տապակած սոխը, ձուն, պաքսիմատը, թահինը և աղը: Բոլորը միասին հարել: Թողնել սառնարանում 1 ժամ հանգստանալու: 1 ժամ հետո սիսեռի զանգվածից վերցնել ճաշի գդալով, գնդիկներ ձևավորել, տեղափոխել ձեթ քսած տապակի վրա և եփել ջեռոցում 180-200 աստիճանի տակ 30-40 րոպե:
5.Սոուսի համար իրար խառնել թթվասերը, թահինը, սխտորը: Մատուցել սոուսի հետ:
Բարի ախորժակ

Հուշում`


Ֆալաֆելները կարող եք նաև տապակել առատ ձեթի մեջ: Այս դեպքում ավելի փոքրիկ գնդիկներ է պետք պատրաստել, որ լավ եփվեն:

տաք ուտեստներպաքսիմատսիսեռբազուկի տերևթահին

Նմանատիպ գրառումներ
Կարմիր լոբով կոտլետ
Կարտոֆիլով տորթ