Կարմիր լոբով կոտլետ
Անի Նալբանդյան · նոյեմբեր 21 2015Կարմիր լոբին դիետիկ մանրաթելերի հարուստ աղբյուր է: Պարունակում է B խմբի վիտամիններ, հատկապես B6, որը պատասխանատու է դիմադրողականության, մաշկի վիճակի և նյարդային համակարգի ակտիվության համար: Բացի այս օգտակար հատկություններից, այն նաև շատ համեղ է։ Ահա այս պատճառով էլ կարմիր լոբին պետք է Ձեր սննդակարգի անբաժանելի մաս լինի։ Ձեզ եմ առաջարկում շատ համեղ կոտլետների բաղադրատոմս։
Բաղադրությունը`
- 1 բաժակ կարմիր լոբի
 - 1 հատ գլուխ սոխ
 - 1 հատ լոլիկ
 - 1 հատ ձու
 - 4-5 հատ հատիկավոր պղպեղ
 - 1 հատ դափնու տերև
 - պաքսիմատ
 - 50 գրամ պանիր
 - 50 գրամ ընկույզ
 - 1 պճեղ սխտոր
 - աղ, սև պղպեղ
 - ձեթ
 
Պատրաստման եղանակը`
1.Նախապես թրջած լոբին խաշել լոլիկի, սոխի, դափնու տերևի և հատիկավոր պղպեղի հետ, մինչև որ լոբին պատրաստ լինի (լոբին պետք է շատ փափուկ լինի): Եփած լոբու ջուրը քամել: Լոլիկը, սոխը, պղպեղները և դափնու տերևը հեռացնել: Լոբին ճզմել կարտոֆիլի ճզմիչով: Պարտադիր չէ, որ միասեռ զանգված լինի:
2.Ճզմած լոբու վրա ավելացնել մանր կտրատած ընկույզը, քերած պանիրը, ճզմած սխտորը, 1 ճ/գ պաքսիմատը, ձուն, համեմել աղով և սև պղպեղով: Բոլոր միասին լավ խառնել:
3.Պատրաստի խճողակից ձևավորել կլորավուն կոտլետներ, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել տաք ձեթով թավայի մեջ: Պատրաստի կոտլետները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի: Կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում։
Բարի ախորժակ
Հուշում`
1․Կարմիր լոբու փոխարեն կարող եք օգտագործել նաև սպիտակ լոբով։
2․Կարելի է մատուցել թթվասերով, տխեմալիով կամ մեկ այլ նմանատիպ սոուսով։







