Դդումով և բլղուրով կոտլետ
Անի Նալբանդյան · ապրիլ 1 2020Պահքի ընթացքում կոտլետները արագ պատրաստելու լավ տարբերակ են և նույնիսկ լանչի համար աշխատանքի վայր տանելու համար։ Կոտլետներ, կանաչ աղցան և լավաշ - համեղ լանչը պատրաստ է։
Բաղադրությունը`
- 300 գրամ դդում
- 50 գրամ բլղուր
- 2ճ/գ վարսակի ալյուր
- 5 ճյուղ կանաչ սոխ
- 7 ճյուղ մաղադանոս
- 7 ճյուղ համեմ
- 1 ատամիկ սխտոր
- 1 ճ/գ ձեթ
- կարմիր պղպեղ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Դդումը մաքրել և անցկացնել քերիչով։
2.Մանր բլղուրի վրա լցնել եռացրած ջուրը այնքան, որ բլղուրը ծածկվի և սպասել 15-20 րոպե, մինչև ջուրը կներծծվի բլղուրի մեջ։
3.Ամանի մեջ իրար միացնել արդեն քերիչով անցկացրած դդումը, թրջած բլղուրը, մանր կտրատած մաղադանոսը, համեմը, կանաչ սոխը և սխտորը։ Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել ալյուրը և լավ շաղախել։ Թողնել 5-10 րոպե, որպեսզի համերը միանան։ Ձևավորել փոքրիկ գնդիկներ, տեղափոխել ձեթ քսած յուղաթերթով տապակի մեջ և եփել 180 աստիճան ջեռոցում 30-40 րոպե։
Բարի ախորժակ