Ռաջմա - Հնդկական խոհանոց
Անի Նալբանդյան · հուլիս 8 2020Հնդկական խոհանոցը հարուստ է բուսասննդային բաղադրատոմսերով։ Բուսակերները այստեղ համեղ ու գունեղ բաղադրատոմսեր կգտնեն առանց դժվարությունենրի։ Ես էլ կփորձեմ այդ փնտրտուքների վրա ծախսվող ժամանակը խնայել, մթերքների ամբողջական ցանկը վերցնել ու մտնել խոհանոց։ Ի դեպ, ռաջմա թարգմանաբար նշանակում է հատ լոբի։
Բաղադրությունը`
- 1 բաժակ խաշած հատ լոբի
- 3 հատ մեծ լոլիկ
- 125 մլ ջուր
- 1 կանաչ կծու պղպեղ
- 3 ատամիկ սխտոր
- 1 հատ գլուխ սոխ
- 0,5 ճ/գ կոճապղպեղ
- 1/2 թ/գ քրքում
- 1/2 թ/գ կարմիր պղպեղ
- 1 թ/գ համեմի սերմ
- 1/4 թ/գ քիմիոնի սերմ
- 1 հատ դարչինի փայտիկ
- 30 գրամ թարմ համեմ
- 1/4 թ/գ գարամ մասալա
- 1 ճ/գ լիմոնի հյութ
- 1 ճ/գ զեյթունի ձեթ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Թավայի մեջ լցնել 1 թ/գ զեյթունի ձեթ, վրան ավելացնել մանր խորանարդիկներով կտրատած սոխը, մի փոքր աղ անել և շոգեխաշել։
2․Հավանգի մեջ նախօրոք իրար խառնել մանրացրած կծու պղպեղը, սխտորը,կոճապղպեղը, քրքումը, գարամ մասալան։ 2-3 ճ/գ ջուր ավելացնել և լավ տրորել։ Ստացված զանգվածը ավելացնել շոգեխաշվող սոխի վրա և շարունակել եփել 1-2 րոպե։
3․Միևնույն ժամանակ առանձին թավայի մեջ լցնել համեմի և քիմիոնի սերմերը, դարչինը և տաքացնել համեմունքները, որպեսզի համերը բացվեն։ Ավելացնել շոգեխաշվող սոխի և համեմունքների վրա, խառնել 1 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած լոլիկը և 125 մլ ջուր կամ բանջարեղենային արգանակ։ Եփել մոտ 5 րոպե, ապա ավելացնել խաշած լոբին։ Բոլորը միասին շարունակել եփել մինչև ջրի գոլորշանալը։ Համեմել սև և կարմիր պղպեղով, լիմոնի հյութով և մանր կտրատած համեմով և կրակը անջատել։ Մատուցել խաշած բրնձի հետ։
Բարի ախորժակ
Հուշում`
1․Ուտեստը կծու է, եթե հակացուցումներ ունեք կամ կծու չեք սիրում, ապա կծու պղպեղի չափը կարգավորեք ըստ Ձեր քիմքի։
2․Հնդկական ուտելիքների մեջ շատ են համեմունքները, եթե վստահ չեք, որ սիրում եք միանգամից այսքան համեմունք մեկ կերակրի մեջ, ապա կարող եք նշված չափաբաժինները քչացնել ըստ Ձեր քիմքի։ Իսկ հնդկական խոհանոցի սիրահարները կարող են ոչինչ չպակասեցնել և վայելել այս այրող համերը։