Սիսեռով և սմբուկով ամառային ճաշ
Անի Նալբանդյան · հուլիս 22 2015Թեթև, համեղ և հեշտ պատրաստվող ամառային ճաշերը հիանալի տարբերակ են ամբողջ ընտանիքին կերակրելու համար։ Եթե չգիտեիք երեկոյան ինչ պատրաստել, ուրեմն արդեն այս հարցի պատասխանը գտել եք։
Բաղադրությունը`
- 200 գրամ սիսեռ
- 4 հատ լոլիկ
- 2 հատ սմբուկ
- 1 հատ գլուխ սոխ
- 0,5 հատ կծու պղպեղ
- մի քանի ճյուղ խառը կանաչի
- 1,5 լ բանջարեղենային արգանակ
- 1 ճ/գ զեյթունի ձեթ
- սև և կարմիր պղպեղ
- մի պտղունց դարչին
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Սիսեռը լվանալ սառը ջրով, լցնել ամանի մեջ, վրան ավելացնել այնքան ջուր, որ սիսեռը ծածկի և թողնել 12 ժամ։ Ավելի հարմար կլինի թրջել երեկոյան։ 12 ժամ հետո սիսեռը խաշել մինչև գրեթե պատրաստ լինելը։ Համեմել աղով։
2․Սմբուկը մաքրել, կտրատել խորանադիկներով, վրան աղ ցանել և դնել կողքի։
3․Սոխը կտրատել խորանարդիկներով և տապակել զեյթունի ձեթի մեջ մինչև ոսկեգույն դառնալը։
4․Սմբուկները լվանալ աղից, ավելացնել սոխի վրա և խառնել։
5․Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել, հեռացնել կեղևը, կտրատել խորանարդիկներով և ավելացնել սմբուկի վրա։ Եթե ուզում եք, որ ճաշը խիտ լինի, կարող եք հեռացնել լոլիկի սերմերը և ավելացնել միայն պտղամիսը։ Լոլիկը ավելացնելուց հետո խառնել, համեմել պղպեղներով և դարչինով։ Շոգեխաշել 7-8 րոպե։
6․Ավելացնել խաշած սիսեռը և տաք արգանակը։ Եփել 15-20 րոպե։ Երբ ճաշը գրեթե պատրաստ կլինի, ավելացնել մանր կտրատած խառը կանաչին և կծու պղպեղը։ Եփել ևս 5 րոպե և անջատել կրակը։
Բարի ախորժակ