Կոտեմ ու ռուկոլա
Անի Նալբանդյան · հունիս 8 20202013 թվականին առաջին անգամ պատրաստեցի ռուկոլայով աղցան ու կիսվեցի իմ բլոգում։ Հետևորդներիս մեծ մասը անընդհատ հարցնում էին, թե ինչ է ռուկոլան։ Ու որպես հեշտ բացատրելու տարբերակ սկսեցի այն համեմատել կոտեմի հետ։ Հիմա, երբ ռուկոլան շատ հասանելի է ու բոլորդ համը գիտեք, գուցե իմ հետ վիճեք այս համեմատության համար։ Ինչևէ, այդ համեմատականը ուղեղումս դաջվել էր ու որոշեցի այս երկուսի հիմքով նոր աղցան ստանալ։ Մտածում եք համեղ է թե չէ։ Պատասխանեմ, որ դեռ շատ եմ պատրաստելու այս աղցանից, իսկ մնացածը արդեն կարող եք ենթադրել։
Բաղադրությունը`
- 0,5 կապ կոտեմ
- 0,5 տուփ ռուկոլա
- 1/4 գունավոր պղպեղ
- 1/4 գլուխ սոխ
- 1 հատ լոլիկ
- 5-7 հատ զեյթուն
- 50 գրամ ֆետա
- զեյթունի ձեթ
- բալզամիկ քացախ
- օրեգանո
- սումախ
- սև պղպեղ
- ծովի աղ
Պատրաստման եղանակը`
1․Ռուկոլան և կոտեմը լվանալ, ջրքամել և չորացնել։ Մեծ տերևները բաժանել 2-3 մասի, իսկ փոքրերը ամբողջությամբ լցնել աղցանամանի մեջ։
2․Ավելացնել նաև ձողաձև կտրատած դեղին պղպեղը, կիսալուսնաձև կտրատած լոլիկը և մանր կտրատած գլուխ սոխը։
3․Ավելացնել բալզամիկ քացախը, ձեթը, համեմել աղով և սև պղպեղով, սումախով և օրեգանոյով։ Բոլորը միասին խառնել, լցնել մատուցվող ափսեի մեջ։ Զարդարել զեյթունի հատիկներով և խորանարդաձև կտրատած ֆետա պանրով։ Վեգանները կարող են ֆետան փոխարինել տոֆու պանրով։
Բարի ախորժակ