Հնդկաձավարը կոճապղպեղով
Անի Նալբանդյան · մարտ 28 2020Հնդկաձավար սիրողների և չսիրողների բանակին ուզում եմ հաշտեցնել այս համեղ բաղադրատոմսի միջոցով։ Կորոնավիրուսի մուտքը մեր կյանք ստիպում է ավելի շատ օգտագործել սխտոր և կոճապղպեղ։ Ես այս երկու մթերքներիի երկրպագուն լինելով, որոշեցի հնդկաձավարին նոր համ ու հոտ տալ։ Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Պատրաստեք ու կիսվեք Ձեր հաջողություններով։
Բաղադրությունը`
- 1 բաժակ հնդկաձավար
- 0,5 հատ սոխ
- 1 ատամիկ սխտոր
- 1 սմ կոճապղպեղ
- 1/4 գազար
- 1/4 կարմիր պղպեղ
- 5 ճյուղ սամիթ
- 1 ճ/գ զեյթունի ձեթ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Հնդկաձավարը լավ լվանալ և խաշել 2 բաժակ սառը ջրով։ Պատրաստ լինելուց 1-2 րոպե առաջ ավելացնելաղը։
2․Թավայի մեջ տաքացնել ձեթը և ավելացնել մանր կտրատած սոխը, սխտորը և կոճապղպեղը։ Մի փոքր աղ անել, որպեսզի սոխը շոգեխաշվի, ոչ թե տապակվի։ Շոգեխաշել 2-3 րոպե։
3․Գազարը և կարմիր պղպեղը հնդկաձավարի հատիկներից մի փոքր մեծ խորանարդիկներով կտրատել, որպեսզի եփվելուց հետո հնդկաձավարի հատիկների հետ մոտավորապես նույն չափի լինեն։ Սկզբում շոգեխաշված
սոխ, սխտոր, կոճապղպեղի վրա ավելացնել գազարը, եփել 1-2 րոպե, ապա կարմիր պղպեղը։ Շարունակել եփել ևս 2-3 րոպե, համեմել աղով և սև պղպեղով, ավելացնել մանր կտրաատած սամիթը և կրակը անջատել։
4․Պատրաստի բանջարեղենը ավելացնել խաշած հնդկաձավարի վրա, խառնել և անմիջապես մատուցել։
Բարի ախորժակ