Ծաղկակաղամբով կոտլետ
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 30 2015Աշնանային ամենահամեղ բանջարեղեներից մեկը ծաղկակաղամբն է: Ծաղկակաղամբով պատրաստվող ամենահայտնի և ընդունված տարբերակը թերևս ձվով տապակած ծաղկակաղամբ է: Իրականում այս բանջարեղենով կարելի է պատրաստել շատ համեղ և հետաքրքիր ուտեստներ: Այսօր կներկայացնեմ ծաղկակաղամբով շատ համեղ կոտլետների բաղադրատոմս, որը նաև խնայող տարբերակ է:
Բաղադրությունը`
- 400 գրամ ծաղկակաղամբ
- 250 գրամ հավի աղացած միս
- 1 հատ գլուխ սոխ
- 2-3 պճեղ սխտոր
- 2 հատ ձու
- 3 ճ/գ ալյուր
- սամիթ
- մաղադանոս
- ձեթ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Ծաղկակաղամբը լվանալ, բաժանել միջին չափի ծաղկաբույլերի և եփել աղ արած եռացող ջրի մեջ 5 րոպե: Լցնել քամիչի մեջ և թողնել հովանա: Հովանալուց հետո շատ մանր կտրատել և լցնել ամանի մեջ:
2.Գլուխ սոխը և սխտորը մաքրել, մանր կտրատել և տապակել ձեթի մեջ մինչև ոսկեգույն դառնալը: Ավելացնել կտրատած ծաղկակաղամբի վրա: Այստեղ ավելացնել նաև կտրատած սամիթը և մաղադանոսը, հարած ձուն, ալյուրը, հավի միսը, աղը, սև պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել:
3.Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել: Խճողակից գդալով վերցնել, դնել թավայի մեջ, գդալի օգնությամբ կոտլետի տեսք տալ և երկու կողմից կարմրացնել: Պատրաստի կոտլետները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի: Մատուցել թթվասերով:
Բարի ախորժակ